ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի ռազմական դատարանում կայացված մեղադրական որոշումն իրավաբանորեն անհիմն է։ Այս մասին ասված է իրավաբանական թիմի հայտարարության մեջ։
Այսօր Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ցմահ ազատազրկում էր պահանջել։ Բաքվի դատարանը Վարդանյանին մեղադրում է «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների», «ռազմական հանցագործությունների», ինչպես նաև «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված այլ ծանր հանցագործությունների մեջ։
Ըստ իրավաբանական թիմի ներկայացուցիչների` Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճիռը քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք է՝ ամբողջությամբ անհամատեղելի արդար դատաքննության երաշխիքների հետ։
«Դատավարությունն ի սկզբանե ընթացել է և՛ Ադրբեջանի ներքին օրենսդրության, և՛ այդ երկրի միջազգային պարտավորությունների լուրջ և համակարգային խախտումներով: Դատարանը չի բավարարել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անկախության և անկողմնակալության պահանջներին: Մեղադրանքների ձևակերպումը և էությունը խաթարել են անմեղության կանխավարկածը»,– նշել են իրավաբանները։
Նրանք միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և պատասխանատու կառավարություններին կոչ են արել անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել Վարդանյանի և Բաքվում պահվող և ապօրինի դատապարտված մյուս հայերի իրավունքները պաշտպանելու, նրանց ազատ արձակումն ապահովելու համար:
«Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների նորմալիզացումը սպառնում է ոչ միայն շահագրգիռ անձանց, այլև միջազգային իրավակարգի հեղինակությանը»,– ընդգծել են իրավաբանները։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը զրկված է եղել գործի նյութերին պատշաճ ծանոթանալու հնարավորությունից՝ ունենալով խիստ անբավարար ժամանակ նյութերի ուսումնասիրման համար։
«Բազմիցս խոչընդոտվել են միջնորդություններ անելու և արդարացնող ապացույցներ ներկայացնելու փորձերը։ Պարոն Վարդանյանին չի տրամադրվել իր կողմից ընտրված փաստաբանի հետ լիարժեք աշխատելու հնարավորություն։ Սրանք ընթացակարգային խախտումներ չեն և ուղղակիորեն զրկել են Վարդանյանին արդյունավետ պաշտպանություն իրականացնելու հիմնարար իրավունքից»,– ասված է հայտարարության մեջ։
Իրավաբանները նշել են, որ դատաքննության ընթացքում դատավարության կողմերի հավասարության սկզբունքը չի գործել. Վարդանյանին չի տրվել իրեն առաջադրված մեղադրանքներն իրավասու, անկախ ու անաչառ դատարանում վիճարկելու իրական հնարավորություն: Ըստ նրան` նման հանգամանքներում դատավճիռն անկողմնակալ լինել չի կարող։
«Մեղադրանքների բնույթն ավելի է ընդգծում մեղադրանքի քաղաքական էությունը։ Վարդանյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել ոչ թե ապացուցված անհատական արարքների, այլ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների հետ քաղաքական ներգրավվածության ու հանրային ծառայության համար:Ժամանակակից քրեական օրենսդրությունը, և՛ ներպետական, և՛ միջազգային, թույլ չի տալիս քրեականացնել ինքնությունը, քաղաքական պատկանելությունը կամ կառավարման հաստատությունների հետ առնչությունը՝ առանց կոնկրետ և ապացուցված հանցավոր գործողությունների»,– նշել է իրավաբանական թիմը։
Ըստ իրավաբանների` այս բոլոր խախտումների ամբողջությունը հանգեցնում է անխուսափելի եզրահանգման` Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից՝ բոլոր ասպեկտներով, նրա դատապարտումն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող քաղաքականության օրինաչափությունը և խորը մտահոգություններ է առաջ բերում իրավունքի գերակայության վերաբերյալ։ Հետևաբար, այս դատավարությունը ևս, ինչպես մյուս տասնհինգ հայերի նկատմամբ վերջերս ավարտված դատավարությունը, ապօրինի է:
Հայտարարությունը ստորագրել են «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, «Equity Law Partners» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր, Միջազգային իրավական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և նախկին պատգամավոր, «ELL PARTNERSHIP» իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոյանը։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։