Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ․ «Ժողովուրդ»

Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը. Արխիվային լուսանկար
Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Ըստ պարբերականի՝ Գարեգին Երկրորդը քննիչներին ցուցմունք չի տվել՝ օգտվելով իր իրավունքից։
Օրաթերթը նաև գրում է, որ կաթողիկոսին մեղադրանք առաջադրելու գործը հսկող դատախազը Խաչատուր Գալստյանն է, որը նախկինում աշխատել է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում՝ որպես քննիչ։ Գործով քննիչը Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Արա Ավագյանն է։
Հիշեցնենք, որ մեղադրանքներ առաջադրվել են նաև Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, ինչպես նաև Տեր Մովսես քահանա Սահակյանին։ Նրանք մեղադրվում են Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդին առնչվող դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։
Հավելենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենար Եպիսկոպոսաց ժողովը։ Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու համար Հայաստանից 2 եպիսկոպոս է կարողացել մեկնել Ավստրիա: Այն հեռավար ձևաչափով չի կայանա և կհամարվի ոչ թե Եպիսկոպոսաց ժողով, այլ Եպիսկոպոսաց հավաք։
Ագրեսիա է հայության հոգևոր կենտրոնի դեմ. քաղաքական ուժերը՝ կաթողիկոսի դեմ քրգործի մասին