Ո՞վ հանդես կգա Սամվել Կարապետյանի կուսակցության ցուցակի առաջին համարում

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իշխանության գալուն պես նախատեսում է տնտեսական 5 կարևոր քայլ իրականացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 1-ին համարում հանդես կգա նրա եղբորորդին` Նարեկ Կարապետյանը։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Փետրվարի 12-ին կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարվեց, որ կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Քաղաքական ուժը վստահ է, որ ընտրություններից հետո, երբ «Ուժեղ Հայաստանը» մեծամասնություն ձևավորի, կկարողանան Սահմանադրության համապատասխան հոդվածը փոխել ԱԺ–ի միջոցով, ինչը հնարավորություն կտա Կարապետյանին դառնալու վարչապետ։
«Ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետն է Սամվել Կարապետյանը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով»,- գրել է Մելոյանը։
Նա վստահեցրել է՝ իրենց կուսակցությունը ներկայանում է թափանցիկ, ազնիվ և պրոֆեսիոնալ։ Եվս մեկ անգամ հիշեցրել է իրենց տնտեսական քայլերը՝ 300․000 նոր աշխատատեղ, 0% հարկ փոքր բիզնեսի համար, 20% էժան դեղորայք բոլորի համար, բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 20000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը` իր «Ուժեղ Հայաստան» կուսակցությամբ։