Մեր պատմության ամենամութ ժամերը. ֆրանսահայերը կոչ են անում դադարեցնել եկեղեցու դեմ արշավը

Խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել վեհափառի և 6 եպիսկոպոսների դեմ անօրինական հետապնդումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ Հայ եկեղեցու գերագույն առաջնորդի և հոգևորականության դեմ քաղաքական բնույթի արշավն անթույլատրելիորեն խախտում է հայ ազգային ինքնության կարևորագույն սյուներից մեկը, թուլացնում ամբողջ ազգին՝ Հայաստանում և սփյուռքում։ Այս մասին նշված է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Խորհուրդը ցավում և դատապարտում է Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացված ճնշումները, շեշտում՝ այս ճնշումների նոր սրացումն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ սկսված անօրինական հետապնդումն է, ինչով իշխանությունն ակնհայտորեն ներխուժում է հոգևորականության բացառիկ իրավասության մեջ։
«Ներկայում, երբ հայ ազգը բախվում է արտաքին լուրջ սպառնալիքների, չի կարելի թույլ տալ նման բնույթի բախումներ, որոնք անարժան են և կործանարար ազգի միասնության և բարոյական ուժի համար։ Խորհուրդը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը միավորվել և անհապաղ վերջ դնել այս խախտումներին, որոնք հիշեցնում են ստալինյան դարաշրջանի գործելակերպը և մեր պատմության ամենամութ ժամերը»,- նշված է տարածված հայտարարության մեջ։
Խորհուրդը նաև կոչ է անում անհապաղ վերանայել Ամենայն հայոց կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների և խորհրդի քարտուղարի դեմ կայացված անօրինական որոշումները։ Միաժամանակ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում վեհափառին։
Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։
Հունվարի 31-ին 6 բարձրաստիճան հոգևորականներ գործի շրջանակում հարցաքննության կանչվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։

Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է, վայրն էլ անփոփոխ է․ Մայր աթոռ