Եպիսկոպոսաց ժողովը հեռավար ձևաչափով չի լինելու․ Հայաստանից 2 եպիսկոպոս է մեկնել Ավստրիա

ՀՀ–ից բացակայելու արգելք է սահմանված Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու համար Հայաստանից 2 եպիսկոպոս է մեկնել Ավստրիա: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։ Խոսքը տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի և տեր Դանիել եպիսկոպոս Ֆընդկյանի մասին է։
«Հեռավար ձևաչափ չի լինելու»,- հայտնեց տեր Եսային։
Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։
Հունվարի 31-ին 6 բարձրաստիճան հոգևորականներ գործի շրջանակում հարցաքննության կանչվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։