Ի՞նչ էր Հայաստանից Ադրբեջան արտահանվում խորհրդային տարիներին. տնտեսագետի դիտարկումները

Տնտեսագետի խոսքով՝ Ադրբեջանով տարանցումն ավելի իրատեսական է, քան ուղիղ արտահանումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ադրբեջանական կողմից այս պահին որևէ բիզնես կամ կառույց չկա, որը հետաքրքրված լինի Հայաստանից ապրանք ներկրելու հարցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ցանկ էր հրապարակել, թե ինչ կարող է Հայաստանն արտահանել Ադրբեջան: Նախարարի խոսքով՝ դա կարող է լինել ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք:
«Քանի դեռ այդ ազդակը չկա Ադրբեջանի իշխանությունների կողմից, քիչ հավանական է կամ անհնար է, որ Հայաստանից ապրանքներ գնեն: Գործընթացը կախված է լինելու առաջին հերթին քաղաքականորեն հովանավորվող գործարքներից»,– ասաց Պարսյանը։
Նրա կարծիքով՝ նախարարության կողմից հրապարակված ապրանքների ցանկը հիմնված է տեսական ուսումնասիրության վրա։
«Ապրանքների արտահանելիությունը Էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրել է տեսական մեթոդաբանությամբ՝ հիմք ընդունելով այն, թե ինչ ապրանքներ ենք մենք արտահանում և ի՞նչ ապրանքներ է Ադրբեջանն ընդհանրապես ներկրում: Սակայն այս մոտեցումը դեռ չի նշանակում, որ իրական շուկայում գործարքներ կկնքվեն։ Իրականությունը կարող է լրիվ այլ լինել՝ հաշվի առնելով Ադրբեջանի ներքին շուկայի առանձնահատկությունը, պահանջարկը, քաղաքականությունը»,– ընդգծեց տնտեսագետը։
Խոսելով տեքստիլ արտադրանքի մասին՝ նա նշեց, որ տեսականորեն շուկան մեծ է, սակայն գործնականում դժվար է պատկերացնել հայկական լայն սպառման ապրանքների պահանջարկ Ադրբեջանում։
Ինչո՞ւ Հայաստանից դեռ որևէ ապրանք չի արտահանվել Ադրբեջան. էկոնոմիկայի նախարարի պատասխանը
«Քիչ հավանական եմ համարում, որ այս պահին ադրբեջանցիները պատրաստակամություն հայտնեն ձեռք բերել տեքստիլ արտադրանք՝ «Made in Armenia» գրությամբ»,– ասաց նա։
Ըստ Պարսյանի՝ առավել իրատեսական կարող են լինել ոչ թե վերջնական սպառման ապրանքները, այլ հումքային կամ միջանկյալ արտադրանքները, որոնք գնում են բիզնեսի համար։ Այդ համատեքստում նա անդրադարձավ նաև ալյումինին և ֆերոմոլիբդենին` նշելով, որ ալյումինը քիչ հավանական է, քանի որ Ադրբեջանը ինքն է ալյումին արտադրող և արտահանող երկիր։ Ավելին` նույնիսկ հնարավոր է հակառակ ուղղությունը՝ ալյումինի հումքի ներմուծում Ադրբեջանից Հայաստան։ Պարսյանը հիշեցրեց Խորհրդային միության տարիների փորձը, երբ Հայաստանը որոշ ապրանքներ արտահանում էր Ադրբեջան։
«Օրինակ՝ բենտոնիտը, որը մեծ քանակությամբ արտահանվում էր Հայաստանից Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը: Այդ բենտոնիտի հանքավայրը և գործարանը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանում, հենց Ղազախի գծին անմիջապես կպած: Այդ հայկական բենտոնիտի թիվ մեկ սպառողն այն ժամանակ Ադրբեջանն էր»,– մանրամասնեց տնտեսագետը:
Նա կասկածի տակ է դնում նաև մրգերի և բանջարեղենի մասով արտահանման հեռանկարները։ Պարսյանի խոսքով՝ Ադրբեջանը հիմնականում ներկրում է այն մթերքները, որոնք ինքը չի արտադրում, իսկ այդ խմբերում Հայաստանի արտադրանքը գրեթե չի ընդգրկվում։ Ինչ վերաբերում է ընտանի կենդանիների կամ կենդանական արտադրանքին, նա նշեց, թե այս պարագայում կարող է խոսք լինել տոհմային կամ արտադրական նպատակներով կիրառվող կենդանիների մասին։
«Ոչխարի միսը մեծ քանակությամբ կարող է օգտագործվել, այդ թվում՝ վերարտահանման համար: Տարածաշրջանում նախկինում եղել են նման սխեմաներ՝ Իրան կամ Արաբական Էմիրություններ արտահանման ուղղությամբ։ Սակայն կրկին առանց կառավարությունների ուղիղ հրահանգների և քաղաքական որոշումների որևէ գործարար այսօր պատրաստ չէ ինքնուրույն ռիսկի դիմել»,- մանրամասնեց Սուրեն Պարսյանը։
Նրա գնահատմամբ՝ ավելի իրատեսական է ոչ թե ուղիղ արտահանումը, այլ տարանցիկ գործարքները։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակ է. Փաշինյան
«Կարծում եմ, որ հայ– թուրքական սահմանի բացվելու պարագայում, որը գործող իշխանությունները փորձում են իրականացնել, կարող է որոշակի տարանցիկ գործարք տեղի ունենալ: Օրինակ՝ Հայաստանի տարածքով որևէ բեռ գնա, ենթադրենք, Թուրքիա: Չեմ կարծում, որ մոտակա ժամանակաշրջանում Ադրբեջանից որևէ պատվեր կստանանք կոնկրետ ապրանքի մասով։ Տարանցումն ավելի հավանական է»,– նշեց նա։
Պարսյանն առանձնացրեց Նախիջևանի ուղղությունը՝ նշելով, որ այն կտրված է Ադրբեջանի հիմնական տարածքից և ներկրման մեծ կախվածություն ունի Իրանից։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է որոշ ապրանքներ մատակարարել հենց Նախիջևանին, եթե դրա համար լինի քաղաքական որոշում։
«Մենք կարող ենք դիտարկել էլեկտրաէներգիայի արտահանման տարբերակը դեպի Նախիջևան, քանի որ խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը գազ և էլեկտրաէներգիա էր մատակարարում նրանց։ Սակայն ներկայում Ադրբեջանը կարծես թե չի ցանկանում գնալ այդ ճանապարհով, այսինքն՝ չի փորձում Հայաստանի հետ ստեղծել էլեկտրաէներգետիկ այնպիսի գործարք, որտեղ Հայաստանը ուղղակիորեն կմատակարարի Նախիջևանին։ Փոխարենը նրանք ցանկանում են կառուցել, այսպես կոչված, «Զանգեզուրի էլեկտրահաղորդման գիծը»։ Նրանց նպատակն է սեփական արտադրած հոսանքը Հայաստանի տարածքով՝ տարանցիկ եղանակով հասցնել Նախիջևան։ Ադրբեջանական կողմը չի էլ քննարկում հայկական կողմին վճարելու տարբերակը, որպեսզի Հայաստանը էլեկտրաէներգիա մատակարարի Նախիջևանին, կամ իրականացնել որոշակի բարտերային փոխանակումներ, օրինակ՝ հյուսիսից նրանք էներգիա տան, իսկ հարավից Հայաստանը մատակարարի Նախիջևանին»,- ընդգծեց տնտեսագետը:
Ամփոփելով՝ Սուրեն Պարսյանը նշեց, որ Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանման հարցում տնտեսական հաշվարկներից ավելի կարևոր է քաղաքական կամքը։ Սակայն, ըստ նրա, բանակցությունների դաշտում հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ Նախիջևանը դիտարկվի որպես առանձին և կարևոր ուղղություն։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025թ–ի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։ Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։
Դեկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին հայտնեց, որ Ադրբեջանից Հայաստան առաքվող ցորենի նոր խմբաքանակներ կան, որոնք ներկա պահին ճանապարհին են։ Նրա խոսքով` հայ գործարարների հետ քննարկվել է նաև նույն երթուղով կոնյակ արտահանելու տարբերակը, բայց բիզնեսը նպատակահարմար չի գտել շշալցված արտադրանքի արտահանումը ցամաքային ճանապարհով։
Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 18-ին հայտնեցին, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 22 վագոն A95 տեսակի բենզին (SOCAR–ի արտադրած)։ Հաջորդ օրը նավթամթերքը հասավ Հայաստան։