ՊԵԿ–ը տեղյակ է անցակետում Թուրքիայի ակտիվության մասին, բայց այլ մանրամասների չի տիրապետում

ՊԵԿ նախագահը նշեց, որ դեպի Մարգարայի անցակետ պարբերաբար այցեր են ունենում, որի մասին իրազեկում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայկական կողմը ցանկացած պահի պատրաստ է ամբողջությամբ գործարկելու հայ–թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը` անդրադառնալով օրեր առաջ մամուլի այն հրապարակմանը, որ թուրքական կողմն արագացված տեմպերով աշխատանքներ է տանում Հայաստանի հետ սահմանային «Ալիջան» անցակետի բացման համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իգդիրի նահանգապետ Ֆիրաթ Թաշոլարը անձամբ է ծանոթացել Ալիջանի սահմանային անցակետում իրականացվող վերակառուցման և արդիականացման աշխատանքներին։
«Թուրքական կողմի ակտիվության մասին մենք տեղեկացված ենք այնքանով, որքանով դուք, այսինքն` հանրային ինչքան տեղեկատվություն կա, այդքանով ենք տեղեկացված։ Ըստ էության` կա ակտիվություն, աշխատանքներ այդ ուղղությամբ, և երբ մեր արտաքին քաղաքականություն վարող գործընկերները մեզ ազդակներ կտան, նման հանձնարարական կունենանք, մենք մեր մասով պատրաստ ենք սահմանային այդ ծառայությունն ամբողջովին մատուցելու»,– վստահեցրեց ՊԵԿ նախագահը։
Նա նշեց, որ դեպի Մարգարայի անցակետ պարբերաբար այցեր են ունենում, որի մասին իրազեկում են։ Հակոբյանի խոսքով` այս ենթակառուցվածքը դեռ նախանցած տարի էր ամբողջությամբ պատրաստ, վերազնիված, նաև կա աշխատակիցների անհրաժեշտ խումբ, որոնք սահմանային ծառայություն կսկսեն իրականացնել, երբ լինի համապատասխան որոշում։
«Ապագայի տեսանկյունից շատ կարևոր կլինի ժամանակի ընթացքում հասկանալ, թե այդ անցակետով ինչ հոսքերի, սպասարկման մասին է խոսքը, և դրա շրջանակում կմտածենք` հարկ կա՞ մեծացնելու, վերազինելու այն, թե ոչ»,– եզրափակեց ՊԵկ նախագահը։
Հիշեցնենք` Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից, իսկ երկրների միջև պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։
2021 թվականի դեկտեմբերին կողմերը հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ 2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում երկու երկրների արտգործնախարարները վերահաստատեցին առանց նախապայմանների գործընթացն առաջ գնալու պատրաստակամությունը, որը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում։
2024 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել Նյու Յորքի «թուրքական տանը»՝ վերահաստատելով կարգավորման գործընթացը շարունակելու և դրան նոր թափ հաղորդելու մտադրությունը։ Մեկ տարի անց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան, որտեղ «Մարգարա» սահմանային անցակետում հանդիպել է ՀՀ հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:
Վեցերորդ հանդիպման ընթացքում ներկայացուցիչները քննարկել են կարգավորման առանցքային հարցեր, ներառյալ՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացումը, մասնավորապես՝ սահմանի հատման կազմակերպման վերաբերյալ: