ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Թուրքական կողմն արագացված տեմպերով աշխատանքներ է տանում Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման վերաբերյալ։ Այս մասին գրում է տեղական Yeşil Iğdır Gazetesi պարբերականը։
Պարբերականի համաձայն` Իգդիրի նահանգապետ Ֆիրաթ Թաշոլարը անձամբ է ծանոթացել Ալիջանի սահմանային անցակետում («Մարգարա» սահմանային անցակետ հայկական կողմում – խմբ.) իրականացվող վերակառուցման և արդիականացման աշխատանքներին։
Պաշտոնյան տեխնիկական խմբի ուղեկցությամբ ստուգել է սահմանի երկայնքով գտնվող շենքերն ու անցակետի երթուղիները և ընդգծել, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել սեղմ ժամկետներում։
Թուրք պաշտոնյաների խոսքով՝ սահմանային անցակետի ակտիվացումը հետևյալ նպատակներն է հետապնդում՝
1.
Սահմանային առևտրի վերսկսում, առևտրային ակտիվության աճ Իգդիրում և հարակից նահանգներում,2.
Տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների երկարության կրճատում, զբոսաշրջիկների հոսքի աճ։Հիշեցնենք` Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից, իսկ երկրների միջև պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։
2021 թվականի դեկտեմբերին կողմերը հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ 2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում երկու երկրների արտգործնախարարները վերահաստատեցին առանց նախապայմանների գործընթացն առաջ գնալու պատրաստակամությունը, որը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում։
2024 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել Նյու Յորքի «թուրքական տանը»՝ վերահաստատելով կարգավորման գործընթացը շարունակելու և դրան նոր թափ հաղորդելու մտադրությունը։ Մեկ տարի անց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան, որտեղ «Մարգարա» սահմանային անցակետում հանդիպել է ՀՀ հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:
Վեցերորդ հանդիպման ընթացքում ներկայացուցիչները քննարկել են կարգավորման առանցքային հարցեր, ներառյալ՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացումը, մասնավորապես՝ սահմանի հատման կազմակերպման վերաբերյալ: