ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայկական առաջին պարենային բանկի ներկայացուցիչները օրինագիծ են մշակել, որը նախատեսում է Հայաստանում խանութների, սուպերմարկետների, պահեստների, արտադրական ձեռնարկությունների կողմից օգտագործման համար պիտանի մթերքների ոչնչացման և արտանետման արգելք: Այդ մասին սոցիալական ցանցերից մեկում հրապարակված տեսանյութում հայտարարել է բանկի հիմնադիր Մայքլ Ավետիքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կանադահայ Մայքլ Ավետիքյանը դեռ 2020 թվականին ՀՀ իշխանությանը նախագիծ է առաջարկել կարիքավորների համար հիմնադրամի ստեղծման մասին։ Չնայած նախագծի բարձր գնահատականին՝ այն շարունակում են անտեսել։
Տեսանյութում Ավետիքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով անձամբ հսկողության տակ վերցնել երկրում պարենային կորուստների և աղքատության դեմ պայքարին ուղղված օրենքի մշակումն ու ընդունումը:
Ավետիքյանի խոսքով՝ օրինագիծը պատրաստել են հիմնադրամի ներկայացուցիչները՝ Ֆրանսիայից սոցիալական իրավունքների մասնագետ Արաշ Դերանբաշի հետ համատեղ:
Փաստաթուղթը ենթադրում է Հայաստանում գործող բարեգործական կազմակերպությունների միջոցով ավելցուկային մթերքի փոխանցում կարիքավոր քաղաքացիներին:
Այս նախագիծն արդեն իսկ փոխանցվել է վարչապետի աշխատասենյակ և քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Միքայել Ավետիքյանն ընդգծում է, որ այս օրենքի իրագործումը կարող է զգալի սոցիալական ազդեցություն ունենալ:
«Ես խնդրում եմ վարչապետին նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ անձամբ հսկողության տակ վերցնել այս աշխատանքները՝ օրենքի շուտափույթ պատրաստման և դրա գործնական իրականացման համար: Այս քայլը կարող է փոխել Հայաստանի հարյուրհազարավոր կարիքավոր քաղաքացիների կյանքը»,– հայտարարել է նա։
Նախաձեռնության հեղինակի կարծիքով՝ օրենքի ընդունումը պատմական քայլ կլինի աղքատության դեմ պայքարի հարցում, ինչպես նաև թույլ կտա երկրում ձևավորել պարենային ռեսուրսների վերաբաշխման կայուն և արդար համակարգ՝ կրճատելով պարենային թափոնների մասշտաբները:
Հիշեցնենք, որ 2024 թվականին (2025 թվականի տվյալները կհրապարակվեն 2026 թվականի փետրվարի վերջին) Հայաստանում աղքատության միջին մակարդակը կազմել է 21,7 տոկոս։ 2023 թ. համեմատ այս ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով` կազմելով 23,7 %։ Ծայրահեղ աղքատության մակարդակը, ըստ պաշտոնական հրապարակումների,2025 թ.–ին սպասվում է 0,6 %։