Փորձեցին գնել գնդերեցներին․ Արթուր սարկավագը պատմել է ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպման մասին

Գնդերեցի խոսքով՝ պաշտպանության նախարարի տեղակալն իրենց ուղիղ հարցադրում է ուղղել, թե արդյոք ցանկանո՞ւմ են միանալ «բարենորոգման» շարժմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ հիշատակվել է գնդերեցների ցածր աշխատավարձը՝ այդպես փորձելով «գնել» նրանց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գնդերեց Արթուր սարկավագ Գևորգյանը՝ մանրամասներ հայտնելով կայացած հանդիպումից։
Նրա խոսքով՝ հանդիպման է հրավիրվել 16 այլ գնդերեցների հետ միասին։ Զինված ուժերի խորհրդակցությունների կլոր դահլիճում անցկացված քննարկմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, փոխնախարար Արման Սարգսյանը, ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը։
«Այդ հանդիպման ընթացքում մեզ ուղղվել է ուղիղ և հստակ հարց. ինչ վերաբերմունք ունենք, այսպես կոչված, «բարենորոգում» անվամբ տխրահռչակ շարժման նկատմամբ։ Այնուհետև պաշտպանության նախարարի տեղակալի կողմից հնչեց ևս մեկ առավել հստակ հարցադրում. Միանո՞ւմ ենք այդ շարժմանը, թե ոչ։ Այս խոսակցությունների համատեքստում, 30 տարվա անմնացորդ ծառայությունից հետո, առաջին անգամ հիշատակվեց նաև մեր աշխատավարձի նվազ լինելու փաստը՝ կարծելով, թե կարող են մեզ «գնել»»,- գրել է Գևորգյանը։
Նրա խոսքով՝ կոնկրետ իր հետ հանդիպել է նաև Շիրակի կայազորի պետը (իր տեղեկություններով՝ գեներալ Բուդաղյան), որը շուրջ երկու ժամ փորձել է իրեն համոզել միանալ այդ շարժմանը, սակայն մերժում է ստացել։
Վերջում գնդերեցը շեշտել է՝ չի ծառայելու աշխարհիկ շահի, որևէ քաղաքական շարժման կամ ճնշման չի ենթարկվելու է, շարունակելու է ծառայել միայն Աստծուն և Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։
Հիշեցնենք՝ հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաման էր ստորագրել, ըստ որի՝ փետրվարի 1-ից փաստացի լուծարվեց ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը, որը ստեղծվել էր 1997թ․ նոյեմբերի 13-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի և պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ։ Դրանից առաջ տեղեկություններ էին շրջանառվում, որ ճնշումներ են գործադրվում գնդերեցների նկատմամբ՝ Փաշինյանի նախաձեռնած Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» օրակարգին միանալու համար։
Օրերս Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ 42 գնդերեցներից 4-ը միացել են «բարենորոգման» ծրագրին։ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն էլ հայտնեց, որ իր տեղեկություններով՝ նրանք, ովքեր կմիանան «բարենորոգման» օրակարգին, գնդերեց աշխատելու համար շուրջ 700 հազար դրամ աշխատավարձ կստանան։
Այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքեց առաջարկի վերաբերյալ լուրերը, միաժամանակ նշեց՝ ովքեր կհամաձայնեն ՊՆ նոր հրամանի համաձայն շարունակել ծառայությունը, բավարար աշխատավարձ կստանան։