ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցին ոչ մի հալածանքի չի ենթարկվում։ Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Որտե՞ղ եք տեսել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքներ։ Եթե դուք տեսել եք նման հալածանքներ, ես կմիանամ ձեզ, մենք միասին կցրենք մարդկանց, որոնք հալածանքներ են կազմակերպում Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Իրականում դա չկա: Կան քրեական հանցագործություններ, կան բարոյական հանցագործություններ», – ասել է նա։
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ «որոշ քաղաքական տարրեր փորձում են իրենց անձնական շահերը պաշտպանելու համար ձևացնել, թե դա հալածանք է»:
ՀՀ Ազգային ժողովի խոսնակը նաև անհամաձայնություն է հայտնել լրագրողի այն կարծիքին, թե Հայաստանը կտրուկ փոխում է իր արտաքին քաղաքական գիծը:
«Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը։ Հայաստանը չի պատրաստվում կանգնել որևէ մեկի կողմում կամ աշխատել որևէ մեկի դեմ»,-ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ որևէ բևեռում Հայաստանը չի լինելու։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4–7-ը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։
Այսօր Սիմոնյանին ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Սիմոնյանը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։