Սուտ վկայություն տվողն իրեն կամովին չարքին է մատնում․ Կոշի հոգևոր հովիվը` եկեղեցու մասին

Տեր Ղևոնդը հույս հայտնեց, որ շուտով արդարություն կլինի ու սրբազան հայրերն ազատության մեջ կկարողանան իրենց աղոթքը բարձրացնել առ Աստված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Կա չարիք, որը ոչ միայն հենց իր համար է չարիք, այլև ուրիշների, և այդ շարքից է սուտ վկայությունը։ Այս մասին Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցում տեղի ունեցած միասնական աղոթքից հետո ասաց Կոշի հովվության հոգևոր հովիվ տեր Ղևոնդ քահանա Գաբոյանը:
«Բոլորդ իրականությունը տեսնում եք։ Այդպիսին են սպանությունը, գողությունը, շնությունը, խաբեությունը, ու սրանց շարքում է նաև սուտ վկայությունը։ Նմանատիպ մարդկանց մեջ ոճրագործության չափը կրկնապատկվում է, որովհետև սուտ վկայություն տվողն իրեն կամովին չարքին է մատնում ու ուրիշներին քաշում դրա մեջ։ Սուտ վկայությունը վնասում է դիմացինին՝ ենթարկելով տույժի, տանջանքի, մահվան»,- ասաց տեր Ղևոնդը։
Նա վստահություն հայտնեց, որ իրենց առաջնորդը՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, եպիսկոպոսաց դասի հոգևորականների հետ միասին, որոնք անազատության մեջ են, հոգով– մտքով ժողովրդի հետ է։
Վստահ ենք, որ արդարությունը պետք է վերականգնվի. միասնական աղոթք Սաղմոսավանքում
Շեշտեց՝ երբեմն կատակ են անում, թե գաղութի կողքով անցնելիս պետք է խաչակնքվել, բայց իրականության մեջ այնտեղ գտնվողներն աղոթքով են ապրում։
«Ամեն ինչին ժամանակ կա, սա էլ կանցնի, ոչինչ, մեր հոգևոր հավատքը անկոտրում է։ Ինձ համար շատ կարևոր է հայրենիքիս խաղաղությունը, ինչպես նաև հոգևոր ազատությունը։ Իմ հայրենիքը պետք է շեն լինի, ազատ հավատքով ապրի։ Ուզում եմ իմ առաջնորդ սրբազան հոր, ինչպես նաև մյուս հոգևոր ծնողներին աղոթքով ձեզ գլխավորելիս տեսնենք, ազատության մեջ»,- ասաց հոգևորականը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։