ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց այսօր բողոքի ակցիա է անցկացվել ի պաշտպանություն Հայ առաքելական սուրբ եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի: Հարյուրավոր հայեր եկել իրենց աջակցությունը հայտնելու Հայաստանում ձերբակալաված հոգևորականներին, բարերար, գործարար Սամվել Կարապետյանին և բոլոր նրանց, ովքեր բանտարկվել են այն պատճառով, որ հանդես են եկել ի պաշտպանություն եկեղեցու:
Ակցիայի մասնակիցները դեսպանատան մոտ պարզել էին ցուցապաստառներ՝ «Պաշտպանենք մեր եկեղեցին», «Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից», «Ազատություն սրբազաններին» գրառումներով:
Մոսկվայի հայերն իրենց խոսքում նշեցին, որ անընդունելի են համարում եկեղեցու դեմ ՀՀ կառավարության` օրեցօր ահագնացող անօրինական ու հակասահմանադրական գործողությունները, որոնք կործանարար են հայրենիքի համար:
Նրանց խոսքով՝ իրենց փողոց է դուրս բերել ոչ թե քաղաքական դրդրապատճառը, այլ քրիստոնեկան հավատքը, հոգևոր հենասյունը, սրբազան ժառանգությունն ու պատմական հիշողությունը պաշտապանելու աներկբա ցանկությունն ու հաստատակամությունը:
«Եկեղեցին սրբություն է։ Այն մեր ազգային հենասյունն է, և երբ դիպչում են նրան, մեզանից յուրաքանչյուրը վիրավորվում է։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում Հայ եկեղեցու և հոգևորականների հանդեպ, ապօրինի է և ուղղված է կրոնական ազատության ու ՀՀ Սահմանադրության դեմ»,– իր խոսքում նշեց Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Գևորգ քահանա Վարդանյանը։
Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանն այսօր պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։