Հայաստանը չի կարծում, թե պետք է դուրս գա ԵԱՏՄ–ից. Ալեն Սիմոնյանը` Սերգեյ Լավրովին

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ կարող է գտնվել լուծում, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայաստանը չի կարծում, թե պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից։ Այսօր ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀ–ի` ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հաշվի առնի ԵՄ-ի՝ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ տրամադրված ռազմաքաղաքական միության վերածվելու փաստը։
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, մենք չենք կարծում, որ պետք է այնտեղից դուրս գանք։ Կարծում ենք` կարող ենք միասին գտնել լուծում, որը ձեռնտու կլինի կողմերին», - ասել է Սիմոնյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը կմնա ԵԱՏՄ-ում այնքան, որքան հնարավոր կլինի։ Նրա խոսքով՝ երկիրը հնարավորություն ունի մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ՝ միաժամանակ ձգտելով համապատասխանել եվրոպական չափանիշներին՝ պետության զարգացման, կառավարման և այլ հարցերի առումով։
Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի տեսականորեն դուրս գալու վերաբերյալ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ-ն 2025 թվականի մարտի 26-ին ընդունեց օրինագիծ՝ Եվրամիությանը միանալու մտադրության մասին։ Բայց ԵՄ-ն անդամակցության առաջարկ չի ներկայացրել, ընդդիմությունն էլ փաստաթուղթը իրավաբանորեն անհեթեթ է որակել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ԵՄ-ին միանալու որոշումը չի կարող կայացվել առանց հանրաքվեի, սակայն խոստովանել է, որ 20 տարի անց է երկիրը տեսնում ԵՄ կազմում։
ՀՀ–ն դիմել է ԵՄ-ին, որ օգնի «ընտրություններին արտաքին միջամտության» դեմ պայքարում