ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն խոշոր խմբաքանակի՝ շուրջ 23,4 կգ մարիխուանայի մաքսանենգության դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«Օրեր առաջ «Ագարակ» սահմանային անցակետում մաքսային զննման է ենթարկվել Իրանից ՀՀ ժամանած քաղաքացի Ա․Փ-ի բեռնատար ավտոմեքենան: Բեռնատարի կցորդիչիերկաթե հենարանների վրա դասավորված սյուների միջից հայտնաբերվել է 34 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Փաթեթների քաշը կազմել է 23,4 կգ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հարուցված քրեական վարույթի շրջանակում ԻԻՀ քաղաքացին սկզբում ձերբակալվել է, ապա կալանավորվել։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է 23,4 կգ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը։
Այլ օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում էլ Երևանից Մասիս տանող ճանապարհին թմրամիջոցների մաքսանենգության և իրացման անմիջական կասկածի հիմքով հայտնաբերվել են ևս 2 քաղաքացի։ Է․Ա-ն և Ս․Ջ․-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն և ձերբակալվել։
ՊԵԿ-ն այժմ աշխատանքներ է տանում վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղությամբ: