ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Առաջիկա ընտրությունները կարող են դառնալ Հայաստանի համար ամենաճակատագրականը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով առաջիկա ընտրական գործընթացներին և ներքաղաքական զարգացումներին։
Քաղաքագետի կարծիքով` իշխանությունը դեռ նախորդ տարվա գարնանից ակնհայտորեն սկսել է գործել նախընտրական տրամաբանությամբ, իշխանության բոլոր գործողությունների, նույնիսկ հակաեկեղեցական արշավների և ռեպրեսիաների նպատակը հասարակության մեջ ապատիկ մթնոլորտ ձևավորելն է՝ ընտրողների մասնակցության մակարդակը նվազեցնելու համար։
«Բազմաթիվ նշաններ կան, որ իշխանությունը նաև «Կրթվելը նորաձև է» գաղափարը, Նիկոլ Փաշինյանի երաժշտական նախասիրությունները և այլ հրապարակային վարքագծային դրսևորումներ օգտագործում է որպես նախընտրական տեխնոլոգիա»,–ասաց Սուրենյանցը։
Իսկ ընդդիմադիր դաշտում, նրա կարծիքով, այժմ բյուրեղացման փուլն է, որն ավարտվելու է մի քանի ազդեցիկ ընդդիմադիր կոնսոլիդացիոն կենտրոնների ձևավորմամբ։ Միևնույն ժամանակ Սուրենյանցը ուտոպիստական թեզ է համարում հասարակական–քաղաքական շրջանակներում քննարկումները մեկ միասնական ընդդիմադիր ցուցակ կազմելու հարցի շուրջ։
«Որքան քիչ խոսենք դրա մասին, այնքան ավելի նպաստավոր միջավայր կստեղծվի իրական կոնսոլիդացիոն կենտրոնների ձևավորման համար։ Այդ կենտրոնները, իմ գնահատմամբ, կլինեն երեքը կամ չորսը։ Պետք է խուսափել երկու ծայրահեղ մոտեցումներից։ Առաջինը մեկ միասնական ցուցակի գաղափարն է, որը բնության մեջ գոյություն չունեցող երևույթ է, և որքան էլ այն գրավիչ թվա հասարակության համար, իշխանությունը կարող է այն օգտագործել ընդդիմության դեմ։ Երկրորդ վտանգը փոքր կուսակցությունների կողմից իրենց իրական հնարավորությունների անտեսումն է և առանձին մասնակցելը, ինչը կարող է հանգեցնել ձայների փոշիացման։ Անհրաժեշտ է մի կողմ դնել անձնական ամբիցիաներն ու դրանց գայթակղությունները և գնալ խոշորացման ճանապարհով»,– ընդգծեց քաղաքագետը։
Այս պահին, Սուրենյանի կարծիքով, ձևավորվում են երեք–չորս ազդեցիկ ընդդիմադիր բևեռներ՝ տարբեր այցեքարտերով։ Օրինակ՝ գործարար Սամվել Կարապետյանի թիմը շեշտը դնում է տնտեսական առաջնահերթությունների վրա, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիմը՝ տնտեսական և հանրային համերաշխության գաղափարների վրա, իսկ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը՝ ավելի արմատական ընդդիմադիր խոսույթի վրա։
«Ընտրողի համար ընտրության հնարավորությունները լայն են, և չկա միակ գերիշխող ընդդիմադիր ֆավորիտ։ Եթե համեմատենք նախորդ համապետական ընտրությունների հետ, ապա նախկինում պայքարի թեմաները հիմնականում ներքաղաքական էին՝ ընտրակեղծիք, ընտրակաշառք, կոռուպցիա և այլն։ Այսօր իրավիճակը այլ է․ առաջին անգամ վտանգված է մեր քաղաքակրթական ինքնությունը, և դա դարձել է ընտրարշավի առանցքային թեման»,–հավելեց մեր զրուցակիցը։
Վերլուծաբանի գնահատմամբ` իշխանության վարկանիշն ավելի է նվազել, քան 2021 թվականին, և ավելի խոցելի վիճակում է, հետևաբար չեն բացառվում նաև ընտրակեղծիքները՝ ամեն գնով վերարտադրվելու նպատակով։ Այդ ուղղությամբ, ըստ նրա, արդեն նշաններ կան։ Առաջինը ռեպրեսիաներն են․ քաղբանտարկյալների պայմաններում մրցակցային ընտրություններ ապահովել հնարավոր չէ։ Երկրորդը հունվարի 23-ին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններն են, որոնք նպատակ ունեն սահմանափակել դիտորդական առաքելությունների գործունեությունը։
«Նման օրենսդրական մեխանիզմի գործնական կիրառումը մենք արդեն տեսել ենք Մոլդովայում, որտեղ իշխանությանը հաճելի դիտորդական առաքելությունները ստանում են բոլոր հնարավորությունները, իսկ անկախ դիտորդների գործունեությունը խոչընդոտվում է»,–ասաց նա։
Միևնույն ժամանակ Սուրենյանցը նկատում է` եթե 2021-ին իշխանությունը շոկային վիճակում էր և ներքաղաքական ճնշման տակ, այսօր այն ավելի ինքնավստահ դիրքերում է։ Այն փաստացի անտեսում է ժողովրդավարական սկզբունքները, իսկ արևմտյան ինստիտուտները՝ աշխարհաքաղաքական շահերից ելնելով, լռում են կամ սահմանափակվում թույլ արձագանքով։
Ամփոփելով` Սուրենյանցն ընդգծում է, որ քաղաքական ընդդիմությունն իր բոլոր թևերով կանգնած է հայ ժողովրդի քաղաքական և քաղաքակրթական ինքնության պաշտպանության դիրքերում՝ Հայ առաքելական եկեղեցու, սահմանադրական կարգի, ազգային արժեքների և 1988 թվականի շարժման արժեհամակարգի կողքին։ Դրան հակառակ՝ կա ուժ, որը փորձում է ձևավորել «նոր Հայաստան» և «նոր հայ»՝ զրկված պատմական և ինստիտուցիոնալ հիշողությունից։ Այս առումով 2026 թվականի ընտրությունները Հայաստանի համար լինելու են ամենաճակատագրական ընտրությունները։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։