ՌՈ մեքենան առավոտից հսկում է Սուրբ Աստվածածին եկեղեցին. տեր Պսակը մանրամասներ է հայտնում

Հոգևորականները եկեղեցու ներսում պատրաստվում են երեկոյան ժամերգության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ռազմական ոստիկանության մեքենան առավոտից հսկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այս մասին ահազանգում է տեր Պսակ քահանա Մկրտչյանը։ Նա ՌՈ մեքենայի լուսանկարը հրապարարկել է ֆեյսբուքյան էջում և նշել, որ ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։
Ռազմական ոստիկանության ավտոմեքենան
Երեկ հայտնի դարձավ, որ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին։ Ավելի ուշ Պապիկյանը հրապարակեց իր որոշումը, ըստ որի` 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։
Տեր Պսակը նշել է, որ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությանը։
Հոգևորականը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքը եկեղեցի է եկել քաղաքացիական հագուստով, և ռազմական ոստիկանության ծառայողները գուցե չեն էլ հասկացել, որ ինքը քահանա է ու չեն խոչընդոտել իր մուտքը։
«Աննախադեպ վիճակ է սա։ Հիմա մենք եկեղեցու ներսում ենք, պատրաստվում ենք երեկոյան ժամերգության»,- ասաց նա։
Հիշեցնենք` ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանի` զինված ուժերում ավագ գնդերեցի և գնդերեցի պաշտոններ կստեղծվեն, որոնք կհամապատասխանեն սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումներին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր հանդիսացող անձինք այդ պաշտոններում կնշանակվեն ուսումնական ծրագրի ավարտից հետո և ծառայության վայրի զորամասի հրամանատարի ներկայացմամբ` ՀՀ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության հետ համաձայնեցմամբ։ Պարտադիր պայման է լինելու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը։
Նշենք, որ զինված ուժերում հոգևոր ծառայությունը ստեղծվել է 1997թ․ նոյեմբերի 13-ին նախկին կաթողիկոս Գարեգին Առաջինի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի կողմից։ Պաշտպանության նախարարի` 2000 թվականի հրամանով գործածության մեջ է դրվել հոգևոր ծառայության կանոնադրությունը, որը հաստատվել է կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:
42 հոգևորականից միայն 8–ն են ծառայելու զինված ուժերում. փաստաբանը` Պապիկյանի հրամանի մասին