Հովնան սրբազանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Մակար սրբազանի խափանման միջոցի մասին խոսելու վերաբերյալ արգելք է դրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ ՀՀ քննչական կոմիտեի մոտ այս մասին հայտնեց փաստաբան Արմինե Ֆարմանյանը, որը ներկա է եղել Գուգարաց թեմի առաջնորդի և Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հարցաքննությանը։։
Փաստաբան Արա Զոհրաբյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին` որպես մեղադրյալ այսօր ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտե են կանչվել Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսներ Հովնան Հակոբյանը և Մակար Հակոբյանը, ինչպես նաև տեր Մովսես քահանա Սահակյանը։ Հոգևորականները ՔԿ են հրավիրվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։
«Քրեական հետապնդում է հարուցվել 507-րդ հոդվածի 2-րդ մասով` դատարանի դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը։ Սրբազանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նախազգուշացվել ենք քրեական հետապնդման վերաբերյալ փաստերը չհրապարակելու մասին»,- ասաց Ֆանյանը։
Նա շեշտեց՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին արգելելու են լքել ՀՀ սահմանը, ինչը խոչընդոտ է հանդիսանալու Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու համար։
Ինչ վերաբերում է Մակար սրբազանի վերաբերյալ կայացված խափանման միջոցին, ապա Ֆանյանը նշեց՝ այս մասով առհասարակ խոսելու արգելք է դրվել։
Փաստաբանը նշեց, որ խափանման միջոցը չի կարող նախաքննական գաղտնիք համարվել, ու այդ մասին խոսելու արգելեքն ապօրինի է։
Սյունիքի թեմի առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը հարցաքննությունից հետո լրագրողներին ասաց, որ չի կարող խոսել գործի մասին, քանի որ առհասարակ իրեն արգելել են ամեն ինչի մասին խոսել։
«Չեմ կարող գնահատել տեղի ունեցողը։ Այս կառույցին հասկանում եմ, քանի որ երևի իրենք ստիպված են այս քայլերին դիմում»,- ասաց Մակար սրբազանը։
Լրագրողները հարցրին` արդյոք ճամբար կփոխի։ Սրբազանը վստահեցրեց՝ երբեք նման քայլի չի դիմի։ Շեշտեց՝ ուխտ է արել ու իր ուխտը չի դրժի։
Մակար սրբազանը պարզաբանեց, որ եպիսկոպոսին, մասնավորապես Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին կարգալույծ անելու որոշումը (ինչի համար նրանք ՔԿ են կանչվել մեղադրյալի կարգավիճակով) միանձնյա չի կատարվում։ Ընդգծեց՝ Գերագույն հոգևոր խորհուրդն առաջարկ է արել կարգալույծ անելու վերաբերյալ, և ժողովն է այդ որոշումը կայացրել, քանի որ ուխտի դրժում է եղել։
Գուգարքի թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն էլ շեշտեց՝ գործի վերաբերյալ ինքը նույնպես որևէ բան չի կարող ասել։
«Չեմ կարող այս մարդկանց գործողությունները գուշակել, բայց իրենցից ամեն ինչ սպասելի է։ Ես ենթադրել շատ բան կարող եմ, բայց այդպես էլ չհասկացա, թե ինչի համար էին կանչել։ Սա արվում է եկեղեցու նկատմամբ բռնաճնշումներ գործադրելու համար»,- ասաց Հովնան սրբազանը։
Նա ընդգծեց՝ կարգալուծությամբ Մայր աթոռը որևէ հակականոնական գործողություն չի իրականացվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։ Նման արգելքների պարագայում բարձրաստիճան հոգևորականները չեն կարողանա մեկնել երկրից։