Եպիսկոպոսների հարցաքննությունները շարունակվում են. ևս 4 հոգևորականներ ՔԿ–ում են

Փաստաբանը հայտարարեց, որ քրեական հետապնդումը ոչ մի կապ չունի օրենքի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում բարձրաստիճան հոգևորականների հարցաքննությունները շարունակվում են:
Փաստաբան Արա Զոհրաբյանն առավոտյան տեղեկացրեց, որ ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին` որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՔԿ են կանչվել Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսներ Հովնան Հակոբյանը և Մակար Հակոբյանը, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար Մովսես քահանա Սահակյանը։ Հոգևորականները ՔԿ են հրավիրվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։ Նրանց հարցաքննությունից հետո հայտնի դարձավ, որ Հովնան սրբազանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ Մակար սրբազանի խափանման միջոցի մասին խոսելու վերաբերյալ արգելք է դրվել։

Այս պահին քննչական մարմնի շենքում են գտնվում նաև Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը շեշտեց` այն, ինչ տեղի է ունենում հիմա, ապօրինի է, ու երբևէ նման բան չի եղել, որ պետությունը միջամտի եկեղեցու ներքին կյանքին։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։ Նման արգելքների պարագայում բարձրաստիճան հոգևորականները չեն կարողանա մեկնել երկրից։