Պապիկյանը չեղարկել է Գարեգին 1-ինի և Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությունը. Մանուկյան

Փետրվարի 1–ից այլևս մեր զինված ուժերում չի լինելու հոգևոր ծառայություն, բոլորը պետք է դառնան ուղղակի զինվորականներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Իշխանությունները հասկացան, որ չեն կարողանում ճնշել ՀՀ զինված ուժերում ծառայող գնդերեցներին և նրանց հանել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դե , ուստի որոշել են, որ զինված ուժերին այլևս հոգևոր ծառայություն պետք չէ։ Պաշտպանության նախարարության որոշման մասին ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Այսօր` ավելի վաղ, Sputnik Արմենիան գրել էր, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել։ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում և այլն։
«Մի պահ պատկերացրեք` Սուրեն Պապիկյանի որոշմամբ չեղարկվել է հանգուցյալ Գարեգին 1–ին վեհափառի և սպարապետ Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությունը։ Փետրվարի 1–ից այլևս մեր զինված ուժերում չի լինելու հոգևոր ծառայություն, բոլորը պետք է դառնան ուղղակի զինվորականներ... Սա եկեղեցու դեմ փոքրոգի, տմարդի, աղանդավոր, թշնամի արշավ է»,–ասել է Մանուկյանը։
Նա շեշտել է, որ Զինված ուժերում ծառայող գնդերեցները միշտ եղել են զինվորի կողքին, զոհվել են մարտական գործողություններում, անհետ կորել են։
«Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը տեսան, որ այս շաբաթներին զինվորականները, որոնք իրենց ուսադիրների վրա թքած ունեին, հայրենիքի վրա թքած ունեին, փորձում էին ճնշել գնդերեցներին, բայց որևէ մեկը չդավաճանեց վեհափառին, Հայ առաքելական եկեղեցուն, այնպես, ինչպես պատերազմի դաշտում հայրենիքը չեն դավաճանել։ Վերջին շրջանում շատ էր մտահոգությունը, որ գնդերեցների ինստիտուտը համակարգը վերանալու է»,–ասել է Մանուկյանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Հունվարի 6-ին Փաշինյանն «ուխտերթ» կազմակերպեց Երևանի կենտրոնում, որի ավարտին իր համախոհներին կոչ արեց մասնակցել պատարագներին և հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանը» ու զեղչել կաթողիկոսի անունը։