«Ղարաբաղից Հայաստան տեղափոխված անձանց վիճակը բավարար է». Ավանեսյան

Նախարարը նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ չասաց, սակայն վստահեցրեց, որ բժշկական օգնությունն իրականացվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ղարաբաղից Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիների վիճակը բավարար է։ Այս մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Արցախում բռնի տեղահանումից հետո մնացած 10 հայ և մեկ ռուս հունվարի 23 –ին տեղափոխվել են Հայաստան։
«Նրանք արդեն անցել են բժշկական համապատասխան հետազոտություններ, այդ թվում՝ իրենց քրոնիկ հիվանդությունների հետ կապված։ Մենք կազմակերպում ենք նրանց ընթացիկ խնդիրների լուծումը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ ինքն անձամբ չի այցելել նրանց, քանի որ առիթ չի եղել, սակայն վստահեցրեց, որ նրանք ստանում են ողջ անհրաժեշտ օգնությունը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո սրտի բաց վիրահատության ենթարկված Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակին, նախարարը հայտնեց, որ նա գտնվում է վերականգնողական փուլում, վիրահատությունը լավ է անցել։