ՀՀ վարչապետն այսօր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի է գնացել, քաղաքացիներից մեկը եկեղեցու մուտքի մոտ միացրել է «Նոլդու, Փաշինյան» երգը։
«Մեր հասարակության ստորացումն եմ ցույց տալիս, թե ինչպես է Փաշինյանը վերջին հինգ տարում ստորացնում մեզ, անգամ կրոնն է ծիծաղի առարկա դարձրել Ադրբեջանի համար։ Վեհափառը փոքրամասնության՝ 600 հազարի կաթողիկոսը չէ, նա 10 միլիոնի կաթողիկոսն է, և չի կարող փոքրամասնությունը որոշել նրա ճակատագիրը»,– News.am-ի թղթակցին ասել է ակցիայի մասնակից Սարգիս Պետրոսյանը։
Թեմի հոգևոր հովիվ տեր Հայկին, որը սովորականի պես գնացել է պատարագ մատուցելու, թույլ չեն տվել իրականացնել իր հոգևոր ծառայությունը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` Հյաստանի իշխանությունն արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին իրենց «ճանապարհային քարտեզը». 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։