Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է Կարապետյանների միջնորդությունը. կառավարություն

ՀՀ կառավարությունից հայտնում են` արբիտրաժային տրիբունալը որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է հայցվոր կողմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է Կարապետյանների` ՀԷՑ-ի գործով միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց պահանջած ապահովման միջոցները հիմնավորված չեն։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է «Liormand Holdings Limited»-ի, Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի և Կարեն Կարապետյանի ներկայացրած միջնորդությունը։ Միջնորդությամբ, ի թիվս այլնի, Արբիտրաժային տրիբունալից պահանջվում էր արտակարգ արբիտրի կողմից հուլիսի 22-ի վճռի՝ ՀՀ-ի կողմից չկատարման փաստի հաստատումը, ՀԷՑ-ի լիցենզիայի և վերջինիս կառավարման մարմինների անդամների լիազորությունների վերականգնումը, ինչպես նաև նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցումը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ բացի այդ, տրիբունալից հայցվել էր նաև արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։
Ըստ ՀՀ կառավարության` Արբիտրաժային տրիբունալը նաև որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է հայցվոր կողմը (Կարապետյանները)։
«Այս որոշմամբ պահպանվում է արբիտրաժային վարույթի ամբողջականությունը և համակողմանիությունը՝ ապահովելով, որ հետագա ցանկացած որոշում կկայացվի բոլոր վերաբերելի ապացույցների հիման վրա և Արբիտրաժային տրիբունալի՝ իր իրավազորության և կիրառելի իրավունքի վերաբերյալ գնահատականի համաձայն։ Հայաստանը ողջունում է տվյալ որոշումը, որը կայացվել է վեճն ըստ էության լուծելու իրավասություն ունեցող Արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե «արտակարգ արբիտրի» կողմից»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։