Դատարանը մերժել է Արսեն Ղուկասյանի փաստաբանի միջնորդությունը

Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը չի հրաժարվում տուժողների հետ առերեսումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է անհետ կորած համարվող զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի գործով դատախազ Վազգեն Ռուստամյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Պաշտպանական կողմը բացարկը ներկայացրել էր դեռ դեկտեմբերի 8-ին։
«Բացարկը ներկայացրել ենք կողմնակալ քննությունը վկայող ծանրակշիռ փաստերով։ Հարցը վերաբերում է առողջությանը։ Առարկել ենք գործի ավարտի դեմ, քանի որ ամբողջությամբ քննություն չի կատարվել։ Նույնիսկ դատարանի նշանակած դատաբժշկական փորձաքննության արդյունքներին չեն սպասում, ու կարծես դիտավորյալ է արվում` խոչընդոտում են ընթացքը։ Եթե եզրակացությունը լիներ, այդ հիմքով Ղուկասյանը կազատվեր։ Մենք հայտնել ենք, որ Ղուկասյանը չի հրաժարվում տուժող կողմի հետ առերեսումից, քանի որ ինքը չի եղել նախաձեռնողը ու ինքն էլ է հարվածներ ստացել»,- նշեց Սողոյանը։
Նա ընդգծեց, որ դատախազը գործը տանում է ի վնաս թե՛ Արսեն Ղուկասյանի մեղադրանքի, թե՛ առողջական վիճակի։
Փաստաբանի խոսքով` տեսանյութեր կան, որտեղ ամբողջ եղելությունը կա։ Դատարանում ներկայացվում են մոնտաժված տարբերակները, որտեղ երևում է, որ Արսեն Ղուկասյանը ձեռնափայտով է շարժվում, իսկ մեկ այլ կադրում էլ մյուս մեղադրյալ Ապիջան Սարգսյանն է՝ շիշ է շպտրում, բայց մինչ այդ պահն ինչ է կատարվում՝ չի ներկայացվում։ Ըստ Սողոյանի՝ հենց այդ նախորդող հատվածներում էլ կարելի է տեսնել նաև ռազմական ոստիկանների վարքագիծը։
«Այս հանգամանքը հաշվի առնելով, դատարանը հարցում է անելու իրավասու մարմիններին՝ տեսնելու արդյոք այդ ապացույցները կան, թե ոչ»,- ասաց փաստաբանը։
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 3-ին` ժամը 10։30-ին։
Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ հանդիպում էին պահանջում ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Ծնողներին խոստացել էին հանդիպումը կազմակերպել սեպտեմբերի 29–ին, սակայն ժամ չէին ասել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները երկուշաբթի ժամը 12–ին ՊՆ շենքի դիմաց էին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը միաժամանակ հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր` ՊՆ–ի մոտ սեպտեմբերի 29–ին ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից։ Ավելի ուշ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով ձերբակալվեցին անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսը` Ապիջան Սարգսյանն ու Արսեն Ղուկասյանը։ Ապիջան Սարգսյանն ազատ արձակվեց, իսկ Արսեն Ղուկասյանը հոկտեմբերի 7–ին 1 ամսով կալանավորվեց։
Հոկտեմբերի 31-ին Արսեն Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով` տնային կալանք, 1 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք։