ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության էջից:
«Հունվարի 22-ին «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում որոշվեց, որ կուսակցությունը մասնակցելու է 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նախընտրական շտաբի պետ կլինի կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյան կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։