ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է ԱԺ նախագահ դարձնել ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ձևավորվելու է ՔՊ նախընտրական ցուցակը, բայց դրանից հետո լինելու է նաև երկրորդ փուլ, որի ժամանակ Փաշինյանը կկարողանա ուղղորդում անել ու իր ցանկալի թեկնածուներին բարձր հորիզոնականներում դնել։
«Նախնական որոշմամբ` փետրվարի 15-ին կայանալու է ՔՊ համաժողովը, որի ժամանակ 1000 պատվիրակ պետք է ընտրի 50 հոգու՝ գրանցված 280 թեկնածուների ցանկից։ Քանի որ Փաշինյանը որոշել է ժողովրդավար երևալ, բայց նաև ցուցակը կազմելու հարցը չթողնել շարքայիններին, ուստի խորամանկ սխեմա են մտածել: Սկզբում համաժողովը կընտրի առաջին 50 համարներին` առանց ցուցակը կազմելու»,- գրում է թերթը։
Նշվում է, որ մի համաժողով կամ համագումար էլ կանեն հավանաբար մարտի կեսերին։ Երկրորդ համաժողովում նույնպես պատվիրակներն ընտրություն կանեն, բայց միայն առաջին 50 թեկնածուի միջև, որպեսզի նախ վարչապետի թեկնածուին որոշեն:
«Փաշինյանն այդ 50 հոգու միջև ընտրության ժամանակ կարող է ավելի հստակ ուղղորդումներ անել։ ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին համաժողովը չի ընտրի, սակայն Փաշինյանն ուզում է նրան ԱԺ նախագահ դարձնել: Դրա համար հարկավոր է, որ նա ամենաշատ ձայն ստացած կին թեկնածուն լինի և կանանց քվոտայով մեխանիկորեն 3-րդ հորիզոնականը զբաղեցնի»,- հայտնում է պարբերականը։
Լիլիթ Մակունց
© Sputnik / Aram Nersesyan
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։