ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Որոշումը, որով դատարանը ՀՀ քննչական կոմիտեից պահանջել է ուսումնասիրել Մայր աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին հոգևորականի հեռախոսազրույցի հրապարակման հետ կապված փաստերը, կբողոքարկվի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Փաստաբան Արա Զոհրաբյանը երեկ` հունվարի 20-ին հայտնեց, որ Նաթան սրբազանի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու մասով պետք է վարույթ հարուցվի:
«Որոշումը բողոքարկվելու է, մինչև վերջանական ակտի կայացումը քրեական վարույթ չի նախաձեռնվելու»,- ասացին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Հայր Աղան Երնջակյանի` համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ ձայնագրության մեջ նախկին հոգևորականը դժգոհում էր, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իրեն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:
Հոկտեմբերի 22-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ խնդրելով քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի հատկանիշներով (հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելը): Զոհրաբյանը ներկայացված հաղորդման մեջ նշել էր, որ ոչ միայն խախտվել է հեռախոսազրույցի գաղտնիությունը, այլև հնարավոր է նաև, որ այդ խոսակցությունները մոնտաժված և փոփոխված լինեն:
Հոկտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեն մերժել էր քրեական վարույթ նախաձեռնել, իսկ դրա դեմ բերված բողոքը նոյեմբերի 18-ին մերժել էր նաև ՀՀ գլխավոր դատախազությունը: