ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Մայր աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու վերաբերյալ պետք է վարույթ հարուցվի։ Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Ա․Մելիքսեթյան) պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել։
«Դատարանը նշել է, որ «..առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, ուստի քննիչը պարտավոր էր քրեական վարույթ նախաձեռնել և ստուգել հաղորդման մեջ նշված փաստերը» »,- հայտնում է Զոհրաբյանը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Հայր Աղան Երնջակյանի` համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ ձայնագրության մեջ նախկին հոգևորականը դժգոհում էր, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իրեն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:
Հոկտեմբերի 22-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ խնդրելով քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի հատկանիշներով (հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելը): Զոհրաբյանը ներկայացված հաղորդման մեջ նշել էր, որ ոչ միայն խախտվել է հեռախոսազրույցի գաղտնիությունը, այլև հնարավոր է նաև, որ այդ խոսակցությունները մոնտաժված և փոփոխված լինեն:
Հոկտեմբերի 29-ին ՀՀ Քննչական կոմիտեն մերժել էր քրեական վարույթ նախաձեռնելը, իսկ դրա դեմ բերված բողոքը նոյեմբերի 18-ին մերժել էր նաև ՀՀ գլխավոր դատախազությունը: