27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։ Նախագծին առաջին ընթերցմամբ ԱԺ–ում կողմ քվեարկեցին իշխանական պատգամավորներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Պատգամավորների ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ կողմ 87, ձեռնպահ 5 հարաբերակցությամբ։ Որևէ պատգամավոր դեմ չեղավ նախագծին։
Հայկ Սարգսյան–Ալեն Սիմոնյան լարածությունը կապ ունի՞ խաղային ոլորտի հարկերի բարձրացման հետ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի հեղինակը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է։
«Առաջին ընթերցմամբ ընդունվեց իմ կողմից շրջանառվող օրենքի նախագիծ, որին հազարավոր քաղաքացիներ երկար են սպասել։ Նախագծով 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք՝ գումար վճարելով ու մարելով ՀՀ առջև ունեցած իրենց պարտքը։ Նրանք կկարողանան նոր կյանք սկսել Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին՝ կողմ քվեարկելու համար»,- նշեց Սարգսյանը։
Նա նաև ընդգծեց՝ տարակուսած է, թե ինչու «Պատիվ ունեմ» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց` հույս հայտնելով, որ երկրորդ ընթերցման ժամանակ որոշումը կփոխվի։
Հիշեցնենք` 2024 թվականին ընդունված օրենքում, որի հեղինակը նույնպես Սարգսյանն էր, նշված է, որ այն վերաբերում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած անձանց։ Ըստ նոր ընդունված նախագծի` օրենքը կվերաբերի 27 տարին լրացած բոլոր անձանց։