«Ուժեղ Հայաստան». Սամվել Կարապետյանի կողմնակիցները կուսակցություն են գրանցել

Կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ կուսակցությունը ստեղծվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Սամվել Կարապետյանի կողմնակիցները կուսակցություն են գրանցել, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։ Այս մասին են վկայում պետական ռեգիստրի տվյալները։
Քաղաքական նոր ուժը հիմնադրվել է «Մեր ձևով» շարժման հիման վրա, որը ստեղծվել է տնային կալանքի տակ գտնվող գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից։
Շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Քահրամանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ կուսակցության ստեղծման կազմակերպչական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Ըստ նրա` մոտ ժամանակներս քաղաքական ուժը կներկայացնի կոնկրետ օրակարգ և երկրի զարգացման իր տեսլականը։
Ի դեպ, վաղը նախատեսված է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Հունվարի 16-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից հայտնեցին, որ բեկանվել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Վարդևանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ գործարարի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Հակակոռուպցիոն դատարանը հունվարի 17–ին որոշել է Կարապետյանի նկատմամբ կրկին տնային կալանք կիրառել։