Քանի՞ ընկերություն է Հայաստանում լիցենզավորվել արտադրական կանեփ աճեցնելու համար

Արտադրատեսակների սպառումը ներքին շուկայում արգելված է, դրանք միայն արտահանվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա այս պահին Հայաստանում ունի 2 ընկերություն, սակայն առայժմ նրանցից միայն մեկն է գործունեություն իրականացնում։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալությունից։
2021թ․ հուլիսի 5-ից մինչ այժմ լիցենզիա ստանալու նպատակով առողջապահության նախարարություն հայտ են ներկայացրել 16 ընկերություններ։ Նրանցից 4-ի հայտերը մերժվել են, իսկ 12-ինը՝ բավարարվել։ Այս ընկերություններից 10-ի գործունեությունը դադարեցվել է, 9-ի դեպքում՝ գործունեությունը սահմանված ժամկետում չսկսելու հիմքով, իսկ մեկը որոշակի ժամանակահատված գործունեություն իրականացրել է, սակայն նրա լիցենզիան էլ դադարեցվել է 2024թ–ին՝ սեփական դիմումի համաձայն։
Խոսքը «Գրոուար» ՓԲԸ-ի մասին է, որը դեռ տարիներ առաջ հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ 2022թ–ին ԶԼՄ-ներն անդրադարձել էին այն հանգամանքին, որ 2021թ–ին կառավարության կողմից արտադրական կանեփի մշակումը թույլատրող օրենքների նախագծերը հավանության արժանացնելուց հետո՝ երկու աշխատանքային օրերի ընթացքում, Երևանի բնակիչ Ստեփան Մարգարյանը (Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինն է, ներկայում Երևանի քաղաքապետ, 2021–ին` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերը) երեք այլ անձանց հետ հիմնադրել է «Գրոուար» ՓԲԸ-ն։ Ընկերության բաժնետերերից էր նաև Էդուարդ Մելիքյանը, որը «Գլենդել հիլզ» կառուցապատման ոլորտում խոշոր սնանկացած ընկերության տնօրենն էր։
Ի՞նչն է միավորում Ամստերդամն ու Մարտունին, կամ բացահայտելով կանեփով տոլման
Ներկայում լիցենզիա ունեն միայն «Գրին Դրիմս» և «Վանաշին» ՍՊԸ-ները։ «Վանաշին»-ին լիցենզիա տրվել է 2025թ․ դեկտեմբերին, ուստի ընկերությունը դեռ արտադրություն չի սկսել, սակայն այն իրականացվելու է Արարատի մարզի Մրգավան գյուղում։
Ներկայում միակ գործունեություն ծավալող ընկերությունը «Գրին Դրիմսն է», որը, ըստ հրապարակված տեղեկատվության, գործունեություն է ծավալում Արարատի մարզի Մասիս համայնքում։ ՀՀ առողջապահության նախարարությունը այլ տվյալներ չի տրամադրել։
«Նշված կազմակերպությունների կողմից «գրանցված արդյունքների», «ստացված արտադրատեսակների», «արտահանման ծավալների» վերաբերյալ տեղեկությունները տվյալ լիցենզավորված անձանց համար կարող են հանդիսանալ առևտրային գաղտնիք, ուստի տրամադրվել չեն կարող»,- նշված է պատասխանում։
ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալությունից հիշեցնում են, որ «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի համաձայն՝ արտադրական կանեփի գործունեության իրականացման արդյունքում ստացվող արտադրատեսակների սպառումը ներքին շուկայում արգելված է, և դրանք ենթակա են միայն արտահանման։
Հիշեցնենք` 2021թ–ի հունիսին «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Հայաստանում արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը սահմանվեցին որպես լիցենզավորման գործունեության տեսակ:
Հարցը զեկուցում էր այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի գրասենյակն էլ մշակել էր համապատասխան օրենսդրական փոփոխությունները։
2021 թվականի հուլիսի 15-ին ընդունված որոշմամբ սահմանված քվոտաներով, օրինակ, յուրաքանչյուր անձ կարող է արտադրել առավելագույնը մինչև 20 000 լիտր կաննաբիդիոլի (կանեփի բուսախեժ) յուղ, բայց մեծածախ վաճառել կամ արտահանել կարող է ընդամենը 100 լիտրը։ Այս պարագայում հարց էր առաջանում՝ արտադրության մնացած քանակը ինչպես է իրացվելու։
Կառավարությունը 2022թ․ առանց զեկուցման ու քննարկման ընդունված որոշմամբ վերանայեց արտադրական կանեփի արտադրության քվոտաները` մեծացնելով արտահանման և մեծածախ առևտրի համար մեկ տարի առաջ սահմանված քվոտաները։ Օրենքով վերանայվեց նաև լիցենզիայի տրամադրման ժամկետը․ նախկին 1 տարվա փոխարեն որոշվեց լիցենզիան տրամադրել մինչև 3 տարի ժամկետով։
Գրեթե 5 տարի առաջ «արտադրական կանեփ» մշակելու համար արված օրենսդրական փոփոխությունը հիմնավորվում էր միլիոնավոր դոլարների շրջանառությամբ ու մեծ եկամուտներով։
Դեռևս 2023թ․ ԱԺ–ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանը, որն այն ժամանակ հանձնաժողովի նախագահի տեղակալն էր, անդրադարձավ այն հարցին, որ նման եկամտաբեր և գրավիչ բիզնեսով ՀՀ–ում զբաղվում է ընդամենը 1 ընկերություն, այն էլ՝ կիսատ–պռատ։