Նարեկ Սամսոնյանի աջակիցներից 3–ին հրավիրեցին ՄԻՊ գրասենյակ

ՄԻՊ մամուլի խոսնակը վստահեցրեց՝ պաշտպանի նախաձեռնությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի աջակիցները մտան մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
Ինչպես հայտնել ենք, Նարեկ Սամսոնյանը 11 օր առաջ հացադուլ է հայտարարել։ Նրա առողջական վիճակը հացադուլի 10-րդ օրը կտրուկ վատացել էր,նրան տեղափոխել էին հիվանդանոց, որոշ հետազոտություններ արել, ապա կրկին վերադարձրել ՔԿՀ։ Սամսոնյանի աջակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ գրասենյակի առջև՝ պահանջելով շտապ բուժօգնություն տրամադրել նրան։
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ պաշտպանի խոսնակ Արթուր Ասլանյանը և հրավիրեց հանդիպման։
«Գրասենյակում նշվածի առնչությամբ որևէ դիմում-բողոք չի ներկայացվել։ Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ աշխատանքներ իրականացվել են։ Հիմա պատրաստ ենք 3-4 հոգու հետ ներս մտնել ու քննարկել այն, ինչ կատարվում է»,- նշեց Ասլանյանը։
Antifake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը շեշտեց, որ պատրաստ են ներկայացնել իրավիճակը ու պարզաբանել, թե ինչ հրատապություն ունի հարցը ու ինչ ապօրինություններ են տեղի ունենում Սամսոնյանի շուրջ։
Ներս մտան Մաթևոսյանը, լրագրող Դավիթ Ֆիդանյանը և ևս 1 անձ։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքը։