ՀՀ–ում անշարժ գույքի առուվաճառքի գործարքները 2025-ին նվազել են. Սուրեն Թովմասյան

Կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով` գործարքների նվազման պատճառներից է եկամտահարկի վերադարձի ինստիտուտի փոփոխությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ 2025 թվականին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը նվազել է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։
«2025 թվականին հանրապետության անշարժ գույքի շուկայում գրանցվել է 244 հազար գործարք։ 2024-ին այդ ցուցանիշը եղել է 247 հազար 900։ Այսինքն՝ տեսնում ենք, որ 3900-ով նվազում է եղել։ Նշեմ, որ այս նվազումը տեղի է ունեցել առաջնային շուկայի հաշվին։ Մնացած ուղղությունները քիչ թե շատ պահպանել են իրենց ընթացիկ իրավիճակը»,-ասաց Սուրեն Թովմասյանը։
Թովմասյանի խոսքով` սրանք նախնական թվեր են, քանի որ տարեկան ամփոփումը կլինի հունվարի 26–ին։ Նվազումը, ըստ Թովմասյանի, կապված է եկամտահարկի վերադարձի ինստիտուտի ձևափոխման հետ, այդ թվում` փոփոխությամբ, ըստ որի` Երևանում այդ բաղադրիչն այլևս չի գործում։ Նրա խոսքով` 2024-ին շատերը շտապում էին օգտվել Երևանում շահավետ պայմաններով բնակարան գնելու հնարավորությունից, հետևաբար` 2024 թվականի թռիչքաձև աճից հետո 2025-ին գործարքների թիվը նվազել է։ Սուրեն Թովմասյանը նշեց նաև, որ անշարժ գույքի առաջնային շուկայում 2025–ին գործարքների թիվն ավելի բարձր է եղել, քան 2023 թվականի միջին ցուցանիշը։
Հիշեցնենք, որ կառավարության նախկինում ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանում նոր բնակարաններ գնելիս հիփոթեքային վարկի վերադարձն ամբողջությամբ պետք է դադարեցվի 2029 թվականին։
ՊԵԿ–ը 2023 թ. կառուցապատողներին 63 մլրդ դրամի ԱԱՀ է վերադարձրել. Բադասյան
Հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի հնարավորությունը Երևանի առաջին գոտում չի գործում 2022 թվականի հուլիսի 1-ից։ 2025 թվականի հունվարի 1-ից այդ համակարգը չի գործում ամբողջ Երևանում։
Դրանից բացի, 2025 թ. հունվարի 1-ից սկսած եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը։