ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը դեռ ստացիոնար բուժման կարիք ունի։ Այդ մասին Կարապետյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Սամվել Կարապետյանը դեռ ստացիոնար բուժման կարիք ունի, որի վերաբերյալ կան հավուր պատշաճի փաստաթղթեր։ Դրանում 2–րդ կարծիք չկա։ մեխանիզմները կհասկանանք, քանի որ այստեղ, ի վերջո, միայն մեր ցանկությունը չէ, այլ ստացվել է այնպես, որ քննիչն ու դատախազը պետք է որոշում կայացնեն անձի պատշաճ բժշկական օգնության վերաբերյալ։ Տեսնենք` ինչ որոշում են կայացնելու»,– ընդգծեց նա։
Փաստաբանն ընդգծեց, որ մի բան հստակ է` Սամվել Կարապետյանն առողջական խնդիրներ` որպես այդպիսիք, չի ունեցել մինչև 2025 թ հունիսի 18–ը։
«Այն, ինչ տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի հետ` նույն թոքաբորբը, նույն ֆիբրոզը, նույն քովիդի համավարակը, մենք այդտեղ տեսնում ենք ուղիղ դիտավորություն իրավասու պաշտոնյաների, ինչպես նաև քաղաքական պաշտոնյաների կողմից` Կարապետյանի առողջության նկատմամբ ոտնձգության տեսանկյունից։ Այս պնդումները կատարելու համար մենք օբյեկտիվ տվյալներն ենք նայում, սակայն վստահ եղեք` բոլոր առողջական այդ խնդիրները հաղթահարվելու են»,– հայտարարեց Վարդևանյանը։
Ինչ վերաբերում է Կարապետյանի նկատմամբ կիրառված սահմանափակումներին, ապա փաստաբանը նշեց, որ նրա եղբորորդի, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը չի կարող տեսակցել նրան։ «Սա քաղաքական հետապնդման տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Հայաստանում մենք ունենք մարդասիրության ճգնաժամ»,– հայտարարեց նա։
Ըստ Վարդևանյանի` երբ Սամվել Կարապետյանը գտնվում էր ՔԿՀ–ում, մի շարք հարցերի վերաբերյալ հրապարակային խոսք նա ասել է և առնվազն այդ ձևաչափի տեսանկյունից խնդիր չի լինելու։
Նա տեղեկացրեց, որ բացի տնային կալանք խափանման միջոցից, կիրառվել է նաև համակցված խափանման միջոց` գրավ և բացակայելու արգելք։
Վարդևանյանի խոսքով` աբսուրդ է նաև այն, որ Կարապետյանի գործով նախաքննության ավարտը դեռ չի երևում։ Ըստ նրա` դա արվում է այն նպատակով, այս գործը դռնբացության կարգով որքան հնարավոր է ձգձգել ու չքննել։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Հունվարի 16-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից հայտնեցին, որ բեկանվել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Վարդևանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ գործարարի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Հակակոռուպցիոն դատարանը երեկ մինչև ուշ գիշեր քննել է Կարապետյանի խափանման միջոցի հարցը և որոշել է տնային կալանք կիրառել։