ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Հայ առաքելական սուրբ եկեղեցում Եպիսկոպոսաց ժողովը և աղոթական առանձնացումը կազմակերպելու է փետրվարին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` տեղեկացնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։
Ավելի վաղ հատնել էինք, որ Հայաստանում դեկտեմբերի 10–12 նախատեսված եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել էր։
Գերագույն հոգևոր խորհրդի Ժողովի օրակարգում ընդգրկված են եղել եկեղեցու վարչական, կանոնական, կարգապահական խնդիրներին առնչվող հարցեր։ Էջմիածինը հայտնում է, որ եկեղեցի-պետություն հարաբերությունների և ստեղծված իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել Գևորգ Դանիելյանը։
«Ընդգծվեց, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն հուզող խնդիրները քննվում են եկեղեցական սահմանված կարգով համապատասխան կառույցներում ու առաջադրվում համարժեք լուծումներ։ Նշվեց, որ շրջանառվող «ներեկեղեցական հակադրությունների» թեզը արհեստածին է և նպատակ ունի օրինականացնել իշխանությունների ապօրինի միջամտությունը եկեղեցու ներքին գործերին։ Արձանագրվեց նաև, որ 2025թ. մայիսի վերջից իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավը ստացել է համակարգված բնույթ՝ ուղեկցվելով հակասահմանադրական գործողություններով, քրեական հետապնդումներով և հոգևորականների նկատմամբ բռնաճնշումներով»,– ասված է հայտարարությունում։
ԳՀԽ-ն նաև իր մտահոգությունն է արտահայտել 10 եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ կեցվածքի, ինչպես նաև ՏԻՄ ղեկավարների, իրավապահ և ուժային կառույցների ներգրավմամբ թեմակալ առաջնորդների կողմից եկեղեցականների նկատմամբ գործադրվող ապօրինի ճնշումներն ու սպառնալիքների վերաբերյալ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։