ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում չի միանա ընդդիմությանը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
«Հնարավոր չեմ համարում, որ ընդդիմությունը միասնական ցուցակով հանդես գա։ Ես էլ այս դիսկուրսի մեջ ընդհանրապես չեմ մտնի, որովհետև ուտոպիաների մասին խոսել չեմ սիրում։ Ի տարբերություն իշխանության` ընդդիմությունը մի կենտրոնից ղեկավարվող հիերարխիկ հիմնարկ չէ, այն բազմաշերտ ու բազմաբևեռ կատեգորիա է։ Կարծում եմ, որ միասնական ցուցակի մասին խոսակցությունները նույնիսկ վնասակար են, քանի որ հասարակության մեջ սպասումներ են ձևավորվում, որ շուտով բոլորը կմիավորվեն։ Հակառակ դեպքում հիասթափություններ են սկսում»,- նշեց Սուրենյանցը։
Նա կոչ արեց, որ որքան էլ ազնիվ մղումներով է խոսվում միասնական ընդդիմության մասին, բայց չխոսել այդ մասին։ Վստահ է՝ իշխանությունը հետագայում այդ հանգամանքն օգտագործելու է հասարակությանը հուսահատեցնելու առումով։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյան կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։