ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հիմա ավելի խիստ սահմանափակումներ են կիրառվում, քան բանտային պայմաններում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նրա պաշտպանական խմբի անդամ Արմեն Ֆերոյանը։
«Օրինակ` Սամվել Կարապետյանը հիմա իրենց տնից չի կարող զանգել իր տղային կամ աղջկան, հարցնել, թե ինչպես ես, որը բանտային պայմաններում կարող էր իրականացնել։ Բանտային պայմաններում կարող էր որոշակի հրապարակային ելույթներով հանդես գալ, տնային կալանքի պայմաններում դա ևս սահմանափակված է։ Հետևաբար մեր հանրության շատ ստվար զանգվածի մոտ եթե նույնիսկ թյուր ըմբռնում կա, թե իբր առկա է որոշակի համաձայնություն և այլն, ուզում եմ փարատել նրանց մտահոգությունը՝ նման համաձայնություն չկա, Սամվել Կարապետյանի դեպքում չի էլ կարող լինել»,- ասաց Ֆերոյանը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։