Արշակ սրբազանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է փաստաբանի բողոքը

Մայր աթոռի դիվանապետը կալանավորված է դեկտեմբերի 5-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է պաշտպանի բողոքը։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ Վաչե Մարգարյանի) մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ իմ բողոքը և սրբազանին թողել կալանքի տակ»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ այս որոշումն ամենևին անսպասելի չէր։
«Հատկանշական է, որ անսպասելի չէր անգամ այն պայմաններում, երբ դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշմանը ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ որևէ հանցանք չի կատարվել։ Անգամ այն պայմաններում, եթե այդ որոշմամբ նկարագրված արարքները օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցած լինեին (սա բացառվում է, չի եղել), ապա հենց այդ պայմաններում ակնհայտ է, որ հանցավոր արարք չի կատարվել»,– ընդգծել է Բաբայանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։ Այսօր` դեկտեմբերի 5–ին, 2 ասմով կալանավորվեց նաև Մայր աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը։ Կալանքի որոշումը կայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասնել է՝ ինչու է կալանավորվել Արշակ սրբազանը