ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի ընդվզումը ոչ թե վարդապետական կամ հովվական հիմքեր ունի, այլ անձնական անհանդուրժողականություն է։ Նման տեսակետ է հայտնել շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշը` անդրադառնալով Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահի կողմից` Գարեգին Բ–ի հրաժարականին միանալու վարչապետ Նիկոլ Փաշինյանին նախաձեռնությանը։
Հունվարի 6-ին հայտնի դարձավ, որ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահը միացել է Գարեգին Բ–ի դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին։
«Երկու շաբաթ անց Շվեյցարիայի թեմում իր առաքելությունն է ստանձնելու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից գործուղված նոր եպիսկոպոսը։ Ակնհայտ է դառնում, որ հայր Գուսանի ընդվզումը ոչ թե վարդապետական կամ հովվական հիմքեր ունի, այլ պարզապես անձնական անհանդուրժողականություն է մի նոր սպասավորի հանդեպ, որը գալիս է ստանձնելու մի պաշտոն, որը Հայր Սուրբը, ըստ ամենայնի, ինքն էր ակնկալում։ Երբ հոգևորականն առաջնորդվում է ոչ թե հոգևոր խոնարհությամբ, այլ անձնական հավակնություններով, նա ոչ թե պաշտպանում է իր հոտը, այլ այն դարձնում է խոցելի»,– ասել է Գաբրաշը։
Նրա կարծիքով` եթե հայր Գուսանը չէր ընդունում վերադասի առաջնորդությունը կամ սեփական շահը վեր է դասում համայնքի միասնությունից, նա պետք է հրաժարական տար, ինչը հավատացյալներին թույլ կտար առանց կողմնակի ճնշումների, սթափ որոշում կայացնել։ Նրա խոսքով` Շվեյցարիայի հայ համայնքը հավատարիմ է Հայ առաքելական եկեղեցուն, Ամենայն հայոց կաթողիկոսին և նորանշանակ եպիսկոպոսին։
Նշենք, որ 2025 թվականի նոյեմբերի 7–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին Վահե Գաբրաշի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։