ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում Սուրբ ծննդյան պատարագի ավարտին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ օրվա խորհրդով Ջրօրհնեքի արարողություն կատարվեց։
Վեհափառ հայրապետը ջուրն օրհնեց աղոթքով և Սրբալույս մյուռոնով։
Ջրօրհնեքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը։ Ըստ ավանդույթի՝ արարողությունից հետո հավատացյալներն օրհնված ջուրն իրենց հետ տուն են տանում՝ որպես հիվանդներին բժշկելու միջոց: Համարվում է, որ այն յուրահատուկ օգտակար հատկություններ ունի։
Սրբագործված ջուրը, քրիստոնեական ավանդույթի համաձայն, հարկավոր է խնամքով պահել և վերաբերվել դրան որպես սրբության։ Քրիստոսի ծննդյան ավետիսը փոխանցում են նաև հոգևորականները՝ այցելելով մարդկանց և օրհնելով նրանց տները։
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ ծննդյան կամ Աստվածահայտնության տոնը, որը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն է և նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու։