ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու մոտից արդեն մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթին դեպի Սուրբ Աննա եկեղեցի։ Երթին, որը Փաշինյանն ուխտերթ է անվանում, մասնակցում են ոչ միայն այն պաշտոնյաները, որոնք Փաշինյանի հետ միասին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցում էին Սուրբ ծննդյան պատարագին, այլև միացել են նորերը։
Փաշինյանի գլխավորած «ուխտերթին» մասնակցում են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, «Ամուլսարում» կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ուրիշներ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Հունվարի 5–ին այդ հայտարարությանն իր աջակցությունը հայտնեց նաև Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։