ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 10 եպիսկոպոսների հետ ստորագրած փաստաթղթով եկեղեցու հարցը պաշտոնապես դարձրեց քաղաքական և նվեր մատուցեց ընդդիմությանը։ Նա իր տեսակետը հայտնել է ֆեյսբուքյան էջում։
Երեկ` հունվարի 4-ին, Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
«Փաշինյանն առաջին անգամ որպես վարչապետ ստորագրում է մի փաստաթուղթ, որով խախտում է ՀՀ Սահմանադրությունը, կատարում ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք՝ խառնվում է կրոնական կազմակերպության ներքին գործերին և պետական ամբողջ իշխանությունն օգտագործում այս պրոցեսի համար: Սա ներվերի պայքար էր։ Մենք անընդհատ ասում էինք՝ դու պարտվում ես և պետք է դուրս գաս պրոցեսից: Այս քայլով, սակայն, նա (Փաշինյանը. խմբ) խորհրդարանական ընտրությունների նվեր է անում քաղաքական ընդդիմությանը ու հռչակում ընտրություններին սպասվող թիվ 1 հարց»,- ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը:
Նրա խոսքով՝ պետք է ձևավորել ընդդիմադիր մեկ բևեռ՝ բոլոր տարաձայնությունները մի կողմ դնելով, քանի որ եկեղեցին ու պետությունը դրանից ավելի բարձր են:
Մարուքյանն ընդգծում է՝ եկեղեցու հարցն արդեն քաղաքական է:
Նա կոչ է անում բոյկոտել Փաշինյանի հայտարարած «ուխտերթը» (ՀՀ վարչապետը պատրաստվում է վաղը իր համակիրների հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց գնալ Սուրբ Աննա եկեղեցի):
«Այս գործողությունը հղի է նաև քաղաքացիական տարատեսակ բախումներով: Պարզ է՝ ոստիկանության գվարդիա, ԱԱԾ, ինչ ունի, բերելու է, լցնի այնտեղ, որ ցույց տա, թե շատ մարդ կա»,- նշում է Մարուքյանը:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները գնացին Մայր աթոռ և Գարեգին Բ–ի հեռացման պահանջով նամակ փոխանցեցին քարտուղարությանը։ Այնուհետև քաղաքացիական հագուստով իրավապահները եպիսկոպոսներին միկրոավտոբուսով դուրս բերեցին Մայր աթոռի տարածքից։