Փաշինյանն ու 10 եպիսկոպոսներ հայտարարել են ՀԱԵ-ի բարենորոգման մեկնարկի մասին

Հայտարարության մեջ նշվում է, որ այն ստորագրողները ստեղծում են համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու բարեփոխման կազմակերպչական հարցերով։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու 10 եպիսկոպոսներ հայտարարել են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին ու հրապարակել «ճանապարհային քարտեզը».
Բարենորոգման օրակարգի հանրահռչակում
Եկեղեցու փաստացի պետի հեռացում
Կաթողիկոսական տեղապահի ընտրություն
Եկեղեցու կանոնադրության ընդունում
Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն
«Այս ճանապարհին կարևոր իրադարձություններ են վաղը Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունենալիք Ճրագալույցի պատարագը և Սուրբծննդյան պատարագը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում»,- հայտարարեց Փաշինյանը։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ այն ստորագրողները ստեղծում են համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի ՀԱԵ-ի բարեփոխման կազմակերպչական հարցերով։
Հայտարարությունը վարչապետի նստավայրում ստորագրել են ներկա 8 եպիսկոպոսները։ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ու Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ հայտարարության տեքստը համաձայնեցվել է հեռավար կարգով։
Հավելենք, որ հունվարի 4-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Հովհաննավանքում տեղի ունեցած «պատարագին», որը մատուցել է կարգալույծ արված Ստեփան (Արամ) Ասատրյանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները գնացին Մայր աթոռ և Գարեգին Բ–ի հեռացման պահանջով նամակ փոխանցեցին քարտուղարությանը։ Այնուհետև քաղաքացիական հագուստով իրավապահները եպիսկոպոսներին միկրոավտոբուսով դուրս բերեցին Մայր աթոռի տարածքից։