ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայաստանի վարչապետի և 10 եպիսկոպոսի ձեռնարկած հակաեկեղեցական նախաձեռնությունը ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը և խախտում եկեղեցու իրավունքները, որոնք ամրագրված են ինչպես միջազգային իրավունքով, այնպես էլ հանրապետության օրենսդրությամբ: Այս մասին ասված է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի թեմական խորհրդի հայտարարության մեջ:
Երեկ` հունվարի 4-ին, Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Հոգևոր թեմի հայտարարության մեջ նշված է, որ խորհուրդը, հոգևորականությունը և հայ ժողովրդի միլիոնավոր հավատացյալ զավակները միահամուռ սատարում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը և միաձայն դատապարտում հունվարի 4-ին ձեռնարկված հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը:
«Այս քայլը, որը ներկայացվում է որպես ՀԱԵ «բարեփոխմանն» ծրագիր, մենք որակում ենք որպես քաղաքական նպատակներով թելադրված հակաիրավական նախաձեռնություն, որպես եկեղեցին պառակտելու փորձ և հանցագործություն, որի անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են վարչապետը և նրան հարած տասը եպիսկոպոսները, ովքեր դրժել են իրենց ուխտը», - ասված է հայտարարության մեջ:
Հոգևորականությունը կոչ է անում քույրերին և եղբայրներին չդառնալ գործիք և մեղսակից աստվածամարտ, Սուրբ Էջմիածինը մերժող ուժերի ձեռքին, մնալ հավատարիմ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն հայոց կաթողիկոսին:
Դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր Հայ Առաքելական Եկեղեցու «նորացման» սեփական ծրագիրը՝ այն անվանելով «ճանապարհային քարտեզ»։ Նախօրեին՝ հունվարի 4-ին, Փաշինյանը տասը եպիսկոպոսների հետ ստորագրել է «ՀԱԵ բարեկարգման ճանապարհային քարտեզ» վերնագրված փաստաթուղթը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները գնացին Մայր աթոռ և Գարեգին Բ–ի հեռացման պահանջով նամակ փոխանցեցին քարտուղարությանը։ Այնուհետև քաղաքացիական հագուստով իրավապահները եպիսկոպոսներին միկրոավտոբուսով դուրս բերեցին Մայր աթոռի տարածքից։