Մոսկվան Վաշինգտոնից պահանջել է շտապ պարզաբանել Մադուրոյի առևանգման հետ կապված իրավիճակը

Ռուսաստանն անհանգստացած է Վենեսուելայի նախագահին և նրա տիկնոջը երկրից բռնի ուժով դուրս բերելու տեղեկատվությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ պարզաբանել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին ԱՄՆ-ի կողմից առևանգելու հետ կապված իրավիճակը: Մոսկվան հայտարարել է, որ խիստ անհանգստացած այդ մասով առկա հաղորդագրություններից։
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամերիկացի զինվորականները գերեվարել են Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը։ Ավելին` Մադուրոն կկանգնի ԱՄՆ դատարանի առաջ։

«Նման գործողությունները, եթե դրանք իրապես տեղի են ունեցել, անընդունելի ոտնձգություն են անկախ պետության ինքնիշխանության դեմ, որը հարգելը միջազգային իրավունքի առանցքային սկզբունքն է», - ասված է ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն «խիստ անհանգստացած է այն հաղորդագրություններից, որ Մադուրոն և իր կինը ԱՄՆ-ի այսօրվա ագրեսիվ գործողությունների ընթացքում բռնի կերպով դուրս են բերվել երկրից»:
Վենեսուելայի իրադարձությունների վերաբերյալ իր առաջին հայտարարության մեջ Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի գործողություններն անվանել է զինված ագրեսիայի ակտ՝ նշելով, որ Կարակասի դեմ ամերիկյան հարձակումները խորը մտահոգություն և դատապարտում են առաջացնում, իսկ պատրվակները, որոնք բերվում են այդ ագրեսիան հիմնավորելու համար, անհիմն են:
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Մինչև առևանգումը Վենեսուելայի նախագահն արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։