Չհասցրեց հասնել «ամրոց». Թրամփը՝ Մադուրոյի գերեվարումից առաջ վերջին րոպեների մասին

Թրամփը նաև ակնարկել է, որ կարող է Վենեսուելայից հետո Մեքսիկայի հետևից գնալ։
Sputnik
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում պատմել է, թե ինչ էր անում Մադուրոն, երբ նրան գերեվարեցին ամերիկացի զինվորականները:
«Նա գտնվում էր մի տան մեջ, որն ավելի շուտ ամրոց էր հիշեցնում, քան սովորական կացարան։ Այնտեղ պողպատե դռներ էին և այսպես կոչված պաշտպանված գոտի՝ տարածք, որն ամբողջությամբ շրջապատված էր ամուր պողպատով։ Նա չհասցրեց հասնել այդտեղ և փակվել. այնքան արագ հասան նրան, որ պարզապես չհասցրեց դա անել: Մենք պատրաստ էինք՝ ունեինք, գիտեք, հզոր գազային կտրոցներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ էր այդ պողպատի միջով անցնելու համար, բայց դրա կարիքը չեղավ: Նա այդպես էլ չկարողացավ հասնել տան այդ հատվածը», - ասել է նա։
Թրամփը նաև ակնարկել է, որ կարող է Վենեսուելայից հետո Մեքսիկայի հետևից գնալ։
«Մեքսիկայի նախագահը լավ կին է, բայց նա չի կառավարում երկիրը։ Մեքսիկան կառավարում են կարտելները։ Մենք պետք է ինչ-որ բան անենք նրանց հետ», - ասել է նա։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Մինչև առևանգումը Վենեսուելայի նախագահն արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։ ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտարարել է, որ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում, շուտով նրանք կկանգնեն դատարանի առջև: