ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ՝ Լիլիթ Երմալովյանի մարմնի վրա արտաքին զննությամբ, նախնական տվյալներով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիլիթ Երմալովյանի մարմինը հայտնաբերվել է Հրազդան գետում։ Նա դեկտեմբերի 26-ին ժամը 12:30-ի սահմաններում դուրս էր եկել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից և տուն չէր վերադարձել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Լիլիթը եղբոր մահից հետո հոգեբանական ծանր վիճակում էր գտնվում։ Վերջերս էլ իմացել էր, որ մայրը առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչը ավելի էր վատթարացրել նրա վիճակը։
Երմալովյանները բնակվում են Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում։ Գոռը ուներ մեկ եղբայր ու 2 քույր։
Գոռ Երմալովյանը բանակ էր մեկնել 2019 թվականի հուլիսին։ Հետևակի մարտական մեքենայի վարորդ էր։ Պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» և «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով։
Արցախյան պատերազմի սկսվելուց երեք օր առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 24-ին, Գոռը և իրենց գումարտակը դիրքեր էին բարձրացել՝ զորավարժությունների։
Պատերազմի օրերին թեժ մարտերի ընթացքում խոցել է 2 հետևակի մարտական մեքենա և 5 տանկ։
Հոկտեմբերի 15-ի լուսաբացին իր էջում գրառում է անում. «Հիմա ավելի շատ սիրեք իրար, գուցե սա կյանքի վերջն է» և շտապում Ջաբրայիլի ամենաթեժ հատվածի պաշտպանությանը։ Նա այնտեղ էլ իր 6 ընկերների հետ զոհվում է ԱԹՍ-ի հարվածից։