ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի։ Տեղեկությունը հայտնում է Բաղդասարյանի շահերը պաշտպանող փաստաբանական գրասենյակը։
«Հայցվոր կողմը պահանջել էր հրապարակայնորեն ներողություն խնդրել, հերքում տարարածել և 9 միլիոն դրամ որպես փոխհատուցում տրամադրել։ Դատարանը չընդունեց հայցվորի փաստարկները և գտավ, որ Նազելի Բաղդասարյանի գրառման մեջ բացակայում է վիրավորանքն ու զրպարտությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Հայցը ներկայացվել էր Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառման համար, որում նա քննադատել էր Սամվել Կարապետյանին։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։