2026 թ. էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ

Հանձնաժողովն այդ որոշմանն է հանգել սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. 2026 թվականին էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։ Այդ մասին այսօրվա նիստի ժամանակ որոշում է կայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Այսօրվա նիստի ժամանակ հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցողների սակագները։
«Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30–ի «Տաշիր կապիտալը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից 2–րդ անգամ դիմում էր ներկայացրել սակագնի վերանայման՝ իջեցման համար, որը անպատասխան է մնացել։ Առաջին դիմումը, որը ներկայացվել էր մայիսին, մերժվել էր։ Դրանից հետո «Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք սկսեց` պահանջելով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։