ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին քիչ առաջ վիրահատել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Իզմիրլյան» ԲԿ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Դեմիրճյանը։
«Այս պահին վիճակի մասին ինֆորմացիա դեռ չեմ կարող տալ` բժիշկին դեռ չեմ հանդիպել։ Ավելի ուշ կլինի հաղորդագրություն»,–ասաց նա։
Նշենք, որ սրբազան հոր վիրահատությունը երեկ հետաձգվել էր արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։
Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ վերանքննիչ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին։